Lingua Area (Lingua Area) wrote in ed_limonov,
Lingua Area
Lingua Area
ed_limonov

Էդուարդ Լիմոնով. «Space Angel». պատմվածք

Перевод на армянский язык рассказа Лимонова Space Angel

Այս պատմությունը խորհրդավոր մի էակի մասին է՝ SADKO SPACE ANGEL* անունով, բայց ոչ միայն նրա (միգուցե և տղամարդ է, որովհետև ես վստահ չեմ, թե ինչ սեռի է նա):
2001 թվականն էր։ Ես կալանքի տակ էի լեֆորտովյան բանտախցում։ Երկու հարևան ունեի․ «ռադուևական» Ասլան Ալխազուրովն ու մեկը, ում կոչել էի Իխտիանդր, և նրանք կիսում էին իմ բանտարկված օրերը։ Մոսկովյան կարճ ամառն անցավ, արդեն գիշերները պատուհանը բաց չէին թողնում, և տարածությունը լրիվ անհետացավ։ Նախկինում երևում էր բանտային ցանկապատի մի կտորն ու ինչ-որ փայտե աշտարակ նրա հետևում, մեկ էլ մի զույգ դեղնած ծառեր՝ իմ աչքերի ուրախությունը․․․
Իսկ հիմա պղտոր ապակին զրկեց մեզ տարածությունից։
Եվ ահա ինձ Անգլիայից ծանրոց բերեցին։ Ես պատկերացում չունեի՝ ով է Անգլիայից ինձ ուղարկել գրքեր,«Կոդակ» լուսանկարչական սարք ու մի քանի սկավառակ։ Պարզ է, որ լուսանկարչական սարքն ինձ մոտ չթողեցին, սկավառակներն էլ, բայց բերեցին միանգամից երեք մեծ գիրք, երեքն էլ անգլերենով։ Թմրավաճառ Հովարդ Մարքսի հաստափոր ստեղծագործությունը ամերիկյան բանտում իր յոթնամյա կալանքի մասին բարձրացրեց իմ ոգին, որ առանց դրա էլ,ի դեպ,թույլ չէր։ Բ․Կ․Ս․Այենգար անունով հնդիկ ծխահար մի հորեղբոր նկարազարդ ինքնուսույցը՝ «Յոգայի պայծառացում» վերնագրով,պիտի սովորեցներ ինձ յոգայի՝ վեց հարյուրից ավելի դիրքերը, եթե ռուսական արդարամիտ դատարանը ինձ բաժին հանի մի քսան տարի։
Բայց ամենից շատ ինձ ուրախացրեց լուսանկարներով գիրքը՝ «60-ականների Լոնդոնը»։ Որովհետև այնտեղ աներևակայելի շատ տարածություն կար։ Այնտեղ ընտիր լուսանկարներ կային․ պատանի «Ռոլլինգ Սթոունները» նեղ կիսամուշտակներով ու զվարճալի կոստյումներով գնում են այգու միջով՝ թմրանյութերից ծռմռված դեմքերով։ Չերչիլի դագաղը՝ թնդանոթի հրետասայլին՝ շրջապատված սպիտակ գլխարկներով ծովային հետևակայինների հստակ քառանկյուն դասավորությամբ (լուսանկարը՝ վերևից)։
Տասնվեցամյա Սյու Լայոնը, որ «Լոլիտա» ֆիլմում մարմնավորել էր Լոլիտային,եկել է իր ֆիլմի դիտմանը առաջին անգամ, քանի որ հարազատ Միացյալ Նահանգներում տարիքից ելնելով չէր կարողացել անել դա։ Ու էլի մի քանի հարյուր լուսանկար դերասանների, ոստիկանների, Իստ-Էնդի մարդասպանների, առաջին հիփփիների,Թ վիգգի ֆոտոմոդելի։
Օ՜, ինչպե՜ս վայելեցի Լոնդոնի փողոցները, ինչպես ասում են՝ աչքերով շոյեցի *Kings Road ու Պիկադիլլի, և Հայդ-պարկը՝ հիշելով այնտեղ ապրածս 1980 թվականը։ Ալբոմը սև-սպիտակ էր, չքնաղ ալբոմ, ալբոմ չէր,մի ամբողջ աշխարհ էր։ Աստվածների խրախճանք էր, ոչ թե ալբոմ, ստվարաթղթե կախարդական դուռ՝ ելք զազրելի բանտախցից։
SADKO-ն ուղարկեց նաև ռուսերեն-անգլերեն մի նամակ․ «Ես իմացա,Էդ,որ դու բանտում ես, ու մտածեցի, որ քեզ տարածություն է հարկավոր։ Ահա ուղարկում եմ քեզ Լոնդոնը»։
Առաջին ընծաներին հաջորդեցին երևի հարյուրավոր բացիկներ, գրքեր ու անգամ բարձ։ Բարձը հետագայում ես հետս վերցրի այն բոլոր բանտերը, ուր ինձ նետում էին, ու վերջում այդ բարձն ինձ հետ դուրս եկավ ազատություն։ Բալագույն էր, վրան՝ մերկ հրեշտակը թևերով բռնել էր ասես երկու օձ կամ ինչ-որ ժապավեններ։ Նա ինձ ուղարկեց նաև բերետով Չե Գևարայի ժպտադեմ նկարով մի կարմիր բացիկ, որ ես դրեցի բանտախցի կաղնեփայտե սեղանիկին։ Նա ինձ ուղարկեց Բուդդա։ Ու մի բանաստեղծական ժողովածու՝ գրված արական ես-ի անունից, ինչն էլ ինձ ստիպեց մտածել՝ ի վերջո ու՞մ հետ է իմ նամակագրությունը՝ կնո՞ջ, թե՞ տղամարդու։
Այն կցկտուր տեղեկությունները, որ ես հավաքել էի իր նամակներից, թույլ էին տալիս եզրակացնել, որ նա ապրում էր հարուստ մարդու հետ, ուներ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով վերազինված ձայնագրման ու լուսանկարահանման ստուդիա։ Նա հաճախ էր ճամփորդում, և այդ վայրերից էլ ուղարկում էր ինձ բացիկները։ Նամակներից մեկում նա խոստովանեց,որ պատանության տարիներին կարդացել է իմ գրքերը։ Այստեղից էլ ես եզրակացրի, որ Տարածության Հրեշտակը մոտ քսանհինգ տարեկան է, կամ գոնե երեսունին մոտ։ Երբ ինձ տարան Սարատով, փոքրիկ ընդմիջումով և նամակները,և գրքերն ու բացիկները հեղեղի պես թափվեցին այնտեղ։
Երկնագույն Նիցցան, Սարդինիան, Կորսիկան, արմավենիներն ու ծովը․․․
Դատավճռի օրվան մոտ՝ նա ինձ զգուշացում ուղարկեց․ «Քեզ համար լուրջ ժամանակներ են սկսվում, Է՛դ։ Դիմացի՛ր»։
Երևի հենց իր համար էլ լուրջ ժամանակներ էին սկսվել։ Հրեշտակն ինչ-որ երաժշտական մրցանակ էր ստացել՝ *Paradise ալբոմի համար, բայց վիճել էր հարուստ մարդու հետ։Ամեն դեպքում ես այդպս էի բացատրում այն հանգամանքը, որ նա փոխել էր հասցեն, ավելին՝ հետադարձ հասցե երկար ժամանակ չկար և ընդհանրապես էլ չեղավ։ Հետո ինձ դատապարտեցին չորս տարվա ազատազրկման՝ արդարացնելով երեք հոդվածով և դատելով միայն զենք գնելը կազմակերպելու մասով,ու արագ տեղափոխեցին ճամբար։
Բանտից դուր գալով՝ ես պահեստից ստացա իրերս, ու կարողացա տեսնել Հրեշտակի մի քանի լուսանկար։ Paradise ալբոմի վրա Հրեշտակը նման էր և՛ տղամարդու՝ մկանուտ ձեռքեր խոշոր դաստակներ, և՛ կնոջ՝ երկար մազեր, ձեռքերով ծածկած կրծքեր։ *Unpronounceable Feelings ալբոմի ներդիրում Հրեշտակը լայնեզր գլխարկով էր, կաշվե բաճկոնը՝ մերկ մարմնին, կիթառով ակնհայտ կնոջ տեսք ուներ,բաճկոնի բացվածքում երևում էին կրծքերը։ Տպավորություն էր, ասես, Հրեշտակը դիտմամբ էր խաղ խաղում իր սեքսուալ չկողմնորոշվածությամբ։ Չէ՞ որ Հրեշտակը մարդ չէ։
Ես նրան մի քանի նամակ գրեցի հին հասցեով։ Ու պատասխան չստացա։ Հետո գրեցի նրա ընկերուհուն՝ ոմն Նատաշայի՝ անգլիական ազգանունով, և խնդրեցի տեղեկացնել Հրեշտակին, որ ես փնտրում եմ իրեն, ու փոխանցել իմ հեռախոսահամարները։ Մի քանի շաբաթ անց ինձ զանգեց Նատաշան ու հայտնեց, որ գաղափար չունի, թե որտեղ է ապրում Հրեշտակը․ նա պարզապես անհետացել է, իսկ նրա հին համարով զանգելիս պատասխանում են, որ այլևս այդտեղ չի ապրում։
Ես մի տեսակ անհարմար զգացի,ու ինձ թվաց՝ պարկեշտ չէ հարցնել Նատաշային, թե Հրեշտակն ինչ սեռի է։ Բայց գուցե մի օր ես այնքան կխմեմ, որ կզանգեմ Լոնդոն, ու կհարցնեմ ի վերջո։ Թեև այդ հարցի պատասխանը դժվար թե ինչ-որ բան փոխի։
Հրեշտակն ինձ օգնեց փրկվել բանտերի մրոտ պատերի մեջ՝ ուղարկելով ինձ ողջույններ, ջերմ խոսքեր, պայծառ բացիկներ ու գրքեր, որոնցում ապրում էր հավերժականը ու ազատորեն ծփում էր տարածությունը․․․
Շնորհակալ եմ քեզ,Հրեշտակ իմ։ Թե ուզես, կամուսնանամ քեզ հետ։ Nobody’s perfect.





Ծանոթագրություն

* Space Angel –Տարածության Հրեշտակ
*SADKO SPACE ANGEL-ՍԱԴԿՈ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ
*Kings Road-փողոց Անգլիայում
*Paradise-դրախտ
*Nobody’s perfect –ոչ ոք կատարյալ չէ
*Unpronounceable Feelings-անասելի զգացողություններ





Թարգմանությունը՝ Մարինա Գևորգյանի
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments